Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և արքայազն Ուիլյամը լարված հարաբերությունների մասին ասեկոսեների ֆոնին իրենց պապի՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո զրուցել են միմյանց հետ, գրում է People-ը։
Չնայած եղբայրները թաղման արարողության ժամանակ կողք կողքի չեն կանգնել, քանի որ նրանց միջև էր գտնվում Ֆիլիպի ավագ թոռը՝ արքայադուստր Աննայի որդի Փիթեր Ֆիլիպսը, այնուամենայնիվ, միասին են լքել Սուրբ Գեորգիի մատուռը:
ԶԼՄ-ներում հայտնված տեսանյութերում երևում է՝ ինչպես են արքայազն Ոիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ճանապարհին շփվում արքայազն Հարիի հետ։
«Հաճախ են ասում, որ հուղարկավորությունը հաշտեցման վայր է․ անկեղծ ասած, այս պահին շատերն էին ցանկանում ականատես լինել»,- ասել է հայտնի լրագրող Թոմ Բրեդբին։
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպին հուղարկավորել են Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում, որը գտնվում է միապետի լոնդոնյան նստավայրից ոչ շատ հեռու:
Հուղարկավորության ավարտին եկեղեցական երգչախումբը կատարել է «Աստված, պահպանի՛ր թագուհուն» թագավորական օրհներգը, որից հետո միապետական ընտանիքի անդամները հեռացել են մատուռից:
Մատուռից դուրս գալիս նրանց առաջնորդել է թագուհին, որին հետևել են Ուելսի արքայազն Չարլզը և Քորնուելի դքսուհին Կամիլան:
Էդինբուրգի դուքս Ֆիլիպի դագաղը՝ մարմարե պատվանդանով հանդերձ, հատուկ վերելակի օգնությամբ իջեցրել են ստորգետնյա թագավորական դամբարանը, որը ժամանակավոր հանգրվան է լինելու արքայազն Ֆիլիպի համար: Ինչպես նշվում է, թագուհու մահից հետո վերջինիս կվերահուղարկավորեն նրա հետ միասին մատուռի այն հատվածում, որտեղ հանգչում են Էլիզաբեթ Երկրորդի հայրը՝ Գեորգ VI-ը, նրա կինը, ինչպես նաև թագուհու կրտսեր քույրը՝ արքայադուստր Մարգարեթը:
Հիշեցնենք, որ Էդինբուրգի դուքսը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին՝ 99 տարեկան հասակում: