Աֆղանստանի հետախուզական ծառայությունները Քաբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանման առաջնորդներից մեկին` Գուլամ Նասերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական պաշտոնյաներին:
«Գուլամ Նասերը, որը հայտնի է որպես Ալ Խորասանի և հանդիսանում է ԻՊ-«Թալիբան» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից, ինչպես նաև Քաբուլում գործող ԻՊ ստորաբաժանման հրամանատար, ձերբակալվել է Ազգային անվտանգության ուժերի վարչության կողմից», - ասվում է երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Նասերը «առանցքային դեր» է խաղացել Աֆղանստանի մայրաքաղաքում ահաբեկչություններ կազմակերպելու գործում: Նա նաև, ենթադրաբար, 14-ամյա մի տղայի է առևանգել Քաբուլի արևմուտքում՝ խոշտանգել, բռնաբարել, ապա սպանել, որից հետո անհետացել է:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» շարժման զինյալների միջև հակամարտությունը շարունակվում է։ Երկրում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը համատեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում երկրում։