ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գիտական ղեկավար, Սանկտ Պետերբուրգի հանքարդյունաբերության պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Լիտվինենկոն դոլարային միլիարդատեր է դարձել: Այս մասին հայտնում է Forbes-ը` նշելով, որ նա առաջին անգամ է հայտնվում ամսագրի համաշխարհային ցանկում:
Նրա կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար: Կարողության աճը պայմանավորված է ոչ թե Լիտվիենկոյի գիտական գործունեությամբ, այլ պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ФосАгро ընկերության արժեթղթերի փաթեթի գնաճով: Ներկա պահին նրա մասնաբաժինն ընկերությունում կազմում է 20.98 տոկոս: Նա երկրորդ խոշորագույն բաժնետերն է Գուրևների ընտանիքից հետո:
Ընկերության արժեթղթերը թանկացել են` 2443 ռուբլուց (2020թ. ապրիլի 6) հասնելով 4163 ռուբլու (2021թ. ապրիլի 6): Ընկերության շահույթը 2020 թվականին աճել է 2,3 տոկոսով և կազմել 253.9 մլրդ ռուբլի:
Հայտնի է, որ 1990-ականների վերջին Լիտվիենկոն նախագահում էր գիտական խորհրդում, որի առաջ իր թեկնածուական ատենախոսություն էր պաշտպանում ՌԴ ապագա նախագահ Վլադիմիր Պուտինը: