Ռումինիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ինդուստրիա Գալդա դե Ժոս» թիմն ապրիլի 1-ին կեղծ հրապարակում է արել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆան Ֆոգորոսիի պաշտոնանկության մասին, իսկ նա իրոք հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է լրագրող Էմանուել Ռոշին Թվիթերի իր միկրոբլոգում:
Ապրիլի 1-ին ակումբի ղեկավարությունը alba-sport.ro կայքին խնդրել է նորություն հրապարակել այն մասին, որ Ստեֆան Ֆոգորոսին հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից՝ 3 անընդմեջ պարտությունից հետո:
Մարզիչն անմիջապես հասկացել է, որ դա կատակ է, բայց այնքան է վիրավորվել, որ չի ներկայացել մարզմանն ու որոշել է հեռանալ թիմից:
Ռումինիայի երրորդ դիվիզիոնի ընթացիկ առաջնության 14 տուրից հետո «Ինդուստրիան» վերջին հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով ընդամենը 4 միավոր: