2015թ.-ի ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա մահացած նորածնի գործով ամբաստանյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն արդարացրեց, սակայն տուժողի իրավահաջորդները վերաքննիչ բողոք են ներկայացնելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը.
«Իրականում դեռ դատարանի որոշումը չեմ ստացել, որպեսզի մեկնաբանություններ անեմ, բայց բնականաբար, որոշում ունենք, որ բժիշկների արդարացման դատավճիռը բողոքարկելու ենք, վերաքննիչ բողոք եմ ներկայացնելու»:
Բախշյանն ու Բաբելյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Ըստ առաջին ատյանի դատարանի՝ նրանց մեղադրանքը դատարանում չի ապացուցվել և սպառվել են ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները և դրա հիման վրա դատարանը վճռեց Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել հանցակազմի բացակայության հիմքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Ըստ մեղադրանքի՝ Բախշյանը իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերել, դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև՝ նորածնի մահը:
Ըստ մեղադրանքի, նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանն էլ 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհետև նորածնի մահը: