70-ամյա Անահիտ Միրաքյանը Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ Գորիսից եկել է Գյումրի և ապրում է հանրակացարանում՝ հաշմանդամություն ունեցող որդու հետ: Որդու բուժման համար դեղերի գումար չկա, հանրակացարանի իրենց սենյակն էլ կիսաքանդ վիճակում է:
«Ամեն տեղ դիմել եմ, խնդրել եմ, որ մեզ գոնե մեկ սենյակ հատկացնեն, որ մի օր հանրակացարանի առաստաղը մեր գլխին փուլ չգա, բայց բոլորն անտարբեր են: Ոչ մեկը չի արձագանքում, պետությունը ոչ մի բանով չի աջակցում: Այս շենքը տարիներ առաջ տվել են ժողովրդին, բայց հիմա այն ծայրահեղ վատ վիճակում է: Վերևի հարևանը քայլում է, մեր սենյակի առաստաղի ծեփը թափվում է: Ամեն օր մի քանի տոպրակ հավաքում, տանում թափում եմ»,-ասում է տիկին Անահիտը:
Տիկին Անահիտը պատմում է` քաղաքային իշխանությանը նույնպես դիմել է, եկել են, պայմանները տեսել, բայց այդպես էլ ոչ մի բան չեն արել:
«Պաշտոնի գալուց առաջ խոստումներ են տալիս, սարեր են խոստանում, ասում են՝ ամեն ինչ կանենք ժողովրդի համար, բայց հենց ընտրվում են, ոչ մի բան էլ չեն անում: Միայն իրենց մասին են մտածում: Դե թող ինչ-որ բան անեն, իրենց խոստմանը տեր լինեն», -ասում է Անահիտ Միրաքյանը:
Անահիտ Միրաքյանն ասում է՝ 50 տարվա աշխատանքային փորձ ունի, ամեն աշխատանք արել է, բայց հիմա չգիտի՝ ինչպես պահի հաշմանդամ որդուն: Աղջիկն էլ հազիվ իր երեխաներին է պահում:
«Մեր մասին ոչ մեկը չի մտածում: 50 տարի պետության համար եմ աշխատել: Իմ երեխուն կռվի եմ ուղարկել, էլ դրանից ավել ի՞նչ պիտի անեմ հայրենիքի համար, որ հայրենիքը հասկանա՝ չի կարելի այսպես: Շատ դժվար է: Իմ մահից հետո հաշմանդամ որդուս ո՞վ պիտի պահի: Գոնե իմանայի, որ մեկ սենյակ կունենամ: Աղջիկս երկու տղա ունի, որոնք պետք է ծառայեն հայրենիքին: Իսկ եթե ես վաղը այդ երեխաներին չտամ հայրենիքին, հայրենիքի դավաճան կհանեն ու բանտ կնստացնեն: Բայց չեն մտածում՝ այդ երեխաների մորը մի անկյուն տան, մարդիկ ապրեն», -ասում է տիկին Անահիտը:
Վերջին երկրաշարժերն էլ հանրակացարանի պատերն ավելի են խարխլել: Ամեն ցնցումից պատից կտորներ ու ծեփ է թափվում: Սենյակներից մեկ էլ ամբողջությամբ աղբանոցի է վերածված: Անահիտ Միրաքյանն ասում է ՝գոնե իր մահից հետո իմանա, որ որդին ինչ-որ ապահով տեղ ունի ապրելու:
Մանրամասները՝ տեսանյութում: