Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 140 000-ը, հիվանդությունից ապաքինվել է 111 000 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրին։
Ներկայացուցչի խոսքով՝ անցած օրվա ընթացքում երկրում հնարավոր է եղել բացահայտել 2080 նոր վարակակրի, մահացել է ևս 56 մարդ։
Այսպիսով՝ փետրվարի 19-ին գրանցված առաջին դեպքից հետո երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 141 591-ի, մահացածներինը՝ 7564-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 111 176 մարդ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,6 միլիոն մարդ, որից 352 753-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը։