Ֆրանսիական Լիմոժ քաղաքում ոստիկաններն ահաբեկչության համար կասկածվող անձին ձերբակալելու հատուկ գործողության շրջանակում շփոթել են աջն ու ձախը և կոտրել տարեց զույգի բնակարանի դուռը: Այս մասին տեղեկացնում է France Info պորտալը:
«Միջանցքով ձախ գնալու փոխարեն՝ ուժայիններն աջ են գնացել: Առաջին հարկում ապրող երկու բնակիչներն առավոտյան ժամը 6-ին արթնացել են այս կոպիտ և սարսափելի ներխուժումից»,-գրում է պորտալը:
Տարեց զույգի դստեր խոսքով՝ իր «մայրը, արթնանալով, ննջասենյակում երկու զինված ոստիկանի է տեսել, որոնք լապտերն ուղղել էին իրենց վրա»:
Ոստիկանները հարցրել են կնոջը, թե որտեղ է գտնվում նրա որդին, սակայն կինը պատասխանել է, որ որդի չունի:
Դրանից հետո ոստիկանները հասկացել են, որ շփոթել են բնակարանը: Ավելի ուշ տարեց զույգի հետ կապվել է հատուկ գործողության ղեկավարը, ներողություն խնդրել և խոստացել, որ ներխուժումից ստացված վնասը կփոխհատուցվի:
Չնայած անզգուշությանը՝ ոստիկաններին ի վերջո հաջողվել է ձերբակալել կասկածյալին: Նա եղել է 36-ամյա տղամարդ, որը հարձակում էր պատրաստում սինագոգի վրա: Նրա տանը գտնվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և սառը զենք: