Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ, չի զարմացնում։
Նա Tert.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ պատերազմը չի ավարտվել, իսկ պատերազմում տեղեկատվական պատերազմի բաժինը նույն ձևի կոմպոնենտ է։ «Այդպես են անում, որ Հայաստանում ամբողջ օրը քննարկեն, մեզ թվա, որ հայկական կողմն ինչ-որ զիջումների է գնացել, դրա հիման վրա եզրակացություններ անենք, մատից հոտ քաշենք, կոֆեի բաժակ նայենք, նեղվենք, մտահոգվենք, ասենք՝ վերջ, պարտվել ենք արդեն։
Իրենք իրենց խնդիրն են լուծում, միջազգային տերմինալոգիայով ասում են՝ հիբրիդային պատերազմի խնդիրն են լուծում։ Ներկայացվում է չեղած իրավիճակում, ու մարդիկ սկսում են քննարկել դա։ Եթե մեր ԱԳՆ-ն ասում է՝ հանդիպում է եղել, որևէ լուրջ բան չի եղել, ինչի՞ չենք հավատում։ Ինչի՞ չենք ասում, որ Մամեդյարովը սուտ է ասում, քննարկենք դա ու ասենք՝ պարոն Մամեդյարով, Ձեր ստերը մատուցում եք ձեր հանրությանը, ձեր հանրությունն էլ սխալ ինֆորմացիայի հետևից է գնում, ու սխալ տեղ եք տանում։ Ոչ մի բան չի փոխվել, առաջնագծերը նայեք։ Մեր պետական ինստիտուտները պետք է կարողանան թափանցիկությամբ հաղթահարել Ադրբեջանին»,- ասաց նա։
Պողոսյանը գտնում է, որ այս պահին Ադրբեջանը մեզ վրա ինֆորմացիոն հարձակում է անում։ Նրա խոսքով՝ լավ կլինի, որ հաջորդ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարը գա, տեղեկացնի, թե ինչ քննարկում է եղել՝ նշելով, որ իր ասածից դուրս ասվածը լուրջ չընդունվի հայ հանրության կողմից։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի վերջին շրջանի հարաբերական անդորրին և հարցին՝ ինչու է Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորման խաղ խաղում, Պողոսյանը շեշտեց, թե որևէ խաղաղ ճանապարհի ցանկություն Ադրբեջանը չունի, քանի որ իրենց բյուջեով իրենք ավելի շատ զենք են գնելու։
«Ինչի՞ համար է զենք գնելու, եթե խաղաղ ճանապարհով է գնում։ Որովհետև Հայաստանի կողքը իրավիճակ է ձևավորվել, որ Հայաստանն անցնում է ժողովրդավարական գործընթացներ։ Ինքը հիմա «պուպուշիկի» դեր է կատարում, տեսեք՝ ես էլ եմ սենց դրական մտածում, խնդրում եմ՝ ձեր ներքին ազդեցությունն իմ կյանքի մեջ չբերեք։ Երկրորդ՝ օգտագործում է ժամանակ նախապատրաստվելու։ Ադրբեջանի վերջին նախաձեռնությունները՝ լարել իրավիճակը սահմանին, հակառակն էին անում, Հայաստանն այսօրվա դրությամբ կարողացել է իր մոտ սահմանային ամրություն անել, Արցախն էլ ՝ Ադրբեջանի հետ սահմանին, դիվերսիոն բոլոր գործողությունները ավելի շուտ ենք նկատում և պատժում ենք համապատասխան ձևով, դիպուկահարների պատերազմում սկսել ենք պատժիչ գործողություններ անել։ Ինքը հասկացել է, որ եթե Հայաստանն ամեն օր ասի՝ Ադրբեջանն այսքան զոհ է ունեցել, կազդի իրենց հասարակության վրա։ Դրա համար, այդպես ասած, դադար է վերցրել, բայց ներքին պատրաստություններ է անում։ Զինավարժություններն է դադարեցրել, ինժեներական աշխատանքներն է դադարեցրել»,- նշեց Թևան Պողոսյանը։
Հարցին՝ ճի՞շտ է Արցախյան հակամարտության խնդիրն օգտագործել ներքաղաքական հարցեր լուծելու համար, քանի որ հատկապես արտախորհրդարանական ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը հող հանձնելու մեջ, Թևան Պողոսյանը պատասխանեց․ «Մի կողմից՝ ցանկացածը կարող է իր մտավախությունը ասել, իսկ երբ ասում է՝ պատասխանեք, որ ինչ էլ անենք, միասին ենք անելու։ Պետք է սովորել միասին ապրել, մարտահրավերներին միասին դիմակայել։ Դրանից առաջ էլ ուրիշներին էի ասում, բանակցեք իրար հետ, եթե պատրաստ չենք իրար հետ բանակցել, ուրիշների հետ ո՞նց ենք գնում։ Եթե այդ հայտարարությունները արվել են այլ քաղաքական նպատակներով, այլ քաղաքական նպատակներով էլ պատասխան են ստանում։ Ցանկացած արտահայտություն անելուց առաջ պետք է մտածել՝ եթե ուրիշները լսեն իմ ասածները, ինչպիսի իրավիճակ է ստեղծվելու։
Մենք նստում ենք Երևանում, իրար ինչ ասես, որ ասում ենք, առանց մտահոգվելու՝ Ստեփանակերտում նստած մարդը իրեն ոնց է զգալու։ Տղե՛րք, դուք ստեղ ինձ հետ չեք ապրում, չեք շենացնում, նստել եք, իրար մեջ բաներ եք բաժանում, տանում-բերում, չի կարելի։ Նույն սահմանամերձ բնակիչների վիճակը պատկերացնո՞ւմ եք, երբ նստած նայում է՝ վաղը սենց ա լինելու, էլի սենց ա անելու։ Բոլորը գիտեն, որ եթե զիջումների գնան, Հայաստանի բոլոր սահմաններում պատերազմ է սկսվելու»։
Պողոսյանը գտնում է, որ պետք է քաղաքական կոնսենսուսի կառուցման բանակցային սեղան ձևավորել, որպեսզի բոլոր քաղաքական ուժերով քննարկեն․ «Պետք է ասվի, որ Ղարաբաղի հարցում այ սա է լինելու բոլորիս միասնական դիրքորոշումը, և որևէ մեկը չի պատրաստվելու այդ դիրքորոշումից որևէ քայլ հետ նահանջելու։ Թող աշխարհն էլ իմանա, որ դա մեր դիրքորոշումն է, դնենք մեր կարմիր գծերը։ Բանակցություններից չպետք է վախենալ՝ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին»,-եզրափակեց Թևան Պողոսյան։