Արաբական պետությունների լիգան դատապարտել է թուրքական ԶՈւ-ի գործողությունները իրաքյան Սինջարում
Արաբական պետությունների լիգան, մեկնաբանելով Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում թուրքական ԶՈւ-ի կողմից «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դիրքերի ռմբակոծումը, օդային այդ գործողությունն անվանել է անընդունելի և որակել այն «հարձակում Իրաքի ինքնիշխանության դեմ»:
Ինչպես փոխանցում է haber7.com կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպության խոսնակ Մահմուդ Աֆիֆին:
Թուրքական մամուլն այս հայտարարությունները որակել է «սկանդալային»:
Հայտնի է, որ Սինջարի ռմբակոծումից հետո Իրաքում Թուրքիայի դեսպանը կանչվել էր երկրի արտգործնախարարություն:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: