Հայաստանի 10 ներկայացուցիչ կմասնակցի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը
Դեկտեմբերի 25-31-ը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու համար արդեն հայտավորվել է 38 երկրի 190 շախմատիստ:
Մրցաշարը հավաքել է բացառիկ ուժեղ կազմ: 190 մասնակցից 139-ը կրում է գրոսմայստերի տիտղոս: Առաջնությանը մասնակցելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը լավագույն 20 շախմատիստների ցանկում ընդգրկված գրեթե բոլոր շախմատիստները:
Բացի Արոնյանից մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը:
Կանանց մրցաշարի մասնակցելու համար այս պահին հայտավորվել է 22 երկրի 115 շախմատիստուհի: Այստեղ ևս մրցաշարին մասնակցում են գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները՝ աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունի գլխավորությամբ:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտրյանը և կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը: