Ղազախ գիտնականը պնդել է, որ աստվածաշնչյան Ադամը խոսել է ղազախերեն
Ղազախ գիտնական Բաղդատ Բեյսենովը համոզված է, որ Երկրի վրա ապրած «առաջին» մարդը խոսել է ղազախերեն:
Ինչպես գրում է eadaily.com-ը, Ղազախստանի Ալ Ֆարաբիի անվան ազգային համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Բեյսենովը նույնիսկ որոշ բանասիրական «ապացույցներ» է հավաքել իր պնդումների վերաբերյալ:
Գիտնականը, մասնավորապես, հիշեցրել է, որ «մարդ» բառը ղազախերեն հենց «ադամ» է, իսկ «ալմա» բառը միևնույն ժամանակ նշանակում է և՛ «խնձոր», և «մի՛ վերցրու» հրամայական եղանակով բայն է:
«Պատկերացրեք, որ Արարիչը ցույց է տվել Ադամին անհայտ ծառի պտուղներն ու ասել՝ «Ա՛լմա», ինչը և՛ այն ժամանակ, և՛ այսօր ղազախերեն նշանակում է «մի՛ վերցրու»: Եվ հենց այդ բառով Ադամը հետագայում կարող էր կոչել արգելված պտուղը», - ասել է գիտնականը:
Նշենք, որ «ադամ» և «ալմա» բառերը նույն իմաստն են կրում ոչ միայն ղազախերենում, այլև թյուրքական լեզվաընտանիքի գրեթե բոլոր լեզուներում: