Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի դեմ Անկարայի պլանավորած ռազմական գործողությունները սպառնում են տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ջանքերին: Նման տեսակետ գերմանացի պաշտոնյան հայտնել է Էրբիլ կատարած այցի ընթացքում, հաղորդում է DPA-ն:
«Կողմերից որևէ մեկը չպետք է այնպիսի արարք թույլ տա, որը կարող է նոր լարվածության պատճառ դառնալ, դա կվտանգի իրավիճակը կայունացնելու նպատակով գործադրվող ջանքերը: Մենք դա սխալ ենք համարում», -ասել է Մաասը:
Մեկնաբանելով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունները՝ Մաասը նշել է, որ Գերմանիան ողջունում է երկխոսությունը, սակայն քաղաքական գործընթացում, ըստ նրա, կարևոր է «իրական առաջընթաց արձանագրելը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան առաջիկա օրերին պատրաստվում է Եփրատայի արևելյան ափին ռազմական գործողություններ սկսել Սիրիայում քրդական ուժերի դեմ: