ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը սուրբծննդյան ընդունելություն չի կազմակերպի մամուլի ներկայացուցիչների համար՝ խախտելով տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթը:
Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ ընդգծելով, որ այս որոշումը պայմանավորված է մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունների հետ նախագահի լարված հարաբերություններով: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի բազմաթիվ լրագրողներ էին ժամանում միջոցառմանը, որի շրջանակներում «շվեդական սեղան» էր կազմակերպվում:
Բացի այդ, նրանք կարող էին զբոսնել սուրբծննդյան զարդարանքներով պատված տանը, ինչպես նաև հատուկ միջոցառմանն այցելել իրենց ամուսինների կամ ընտանիքի որևէ այլ անդամի հետ:
Սպիտակ տունը պաշտոնական հայտարարություն չի արել միջոցառման չեղարկման հետ կապված: Նախորդ տարի Թրամփը տիկնոջ հետ մի քանի րոպեանոց ելույթ է ունեցել մամուլի համար և հեռացել միջոցառումից: Նրանք անգամ չէին լուսանկարվել լրագրողների հետ: