Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանին իր ուժի հաղթանակի առթիվ դեռ չի շնորհավորել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա արժանացել է լրատվամիջոցների, քաղաքագետների ուշադրությանը, փորձ է արվել վերլուծել, թե արդյոք այդ քայլի մեջ որևէ ենթատեքստ կա:
Այսօր Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ընտրություններին, նշել էր, որ տրամադրված են կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում:
Tert.am-ը Մարիա Զախարովային ներկայացրել էր, որ քննարկումներ և արդեն վերլուծություններ կան նրա մասին, թե ինչու ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունից Նիկոլ Փաշինյանին չեն շնորհավորել: Դիտարկմանը, թե ինքը ինչպես կմեկնաբանի փաստը՝ ինչու ՌԴ-ի բարձագույն ղեկավարությունը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նա պատասխանեց․
«Ինձ թվում է՝ դա նույնն է, եթե տղամարդուն հարցնես՝ «դու ինձ սիրու՞մ ես»:
Դիտարկմանը, թե «տղամարդը մեկ անգամ չէ, որ խոստովանել է», այսինքն՝ ՌԴ ղեկավարությունից նախորդ ընտրություններին շնորհավորանքներ եղել են, այս անգամ շնորհավորանք կլինի՞, թե՞ ինչ-որ բան փոխվել է, Մարիա Զախարովան արձագանքեց․ «Արդեն պատասխանել եմ»:
Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, շնորհավորել էր Սերժ Սարգսյանին՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցության հաղթանակի առթիվ:
Նշենք, որ բացի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունից, Նիկոլ Փաշինյանին դեռ չեն շնորհավորել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի ղեկավարները:
Նիկոլ Փաշինյանին այս տարի շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչին, ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Եվրամիության արտաքին հարաբերությունների պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:
Հարևան Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտը, ինչպես նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: