ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը վերահաստատում է՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությանը, թե Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի առաջարկված թեկնածությանը:
«Վերահաստատում եմ ասածս. դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել»,-ասաց Եղոյանը։
Նա նաև շեշտեց. «Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, ՀԱՊԿ-ի շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։