Ազովի ծովում իրավիճակի լարվածությունը ոչ ոքի շահերից չի բխում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածությունը:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Ստոլտենբերգն այս մասին խոսել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Լարվածությունն այժմ ոչ ոքի շահերից չի բխում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան բավական զուսպ է արձագանքել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին:
Ավելի վաղ Ստոլտենբերգը նշել էր, որ Ուկրաինան իրավունք ունի նավարկել Կերչի նեղուցով և Ազովի ծովի տարածքում, իսկ Ռուսաստանի գործողություններն անվանել է «անընդունելի»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: