Այժմ մշակվում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման նոր ռազմավարություն: Քննարկվում են տարբեր ուղղություններ, բայց շեշտը դրվելու է մշակվող արդյունաբերության, ընդհանրապես արտադրողների վրա, կարող են լինել գյուղատնտեսությունը, ՏՏ ոլորտը, զբոսաշրջությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը: «Նոր և հին դիրքորոշում չկա, պետության դիրքորոշումը միշտ եղել է ՓՄՁ զարգացումը: Գործիքները, հնարավոր է, տարբերվեն, բայց դիրքորոշումը միշտ եղել է նույնը»,- նշեց Կ. Գևորգյանը:
Նա հայտնեց, որ ՓՄՁ նոր ռազմավարությամբ նաև նախատեսվում է՝ Գյուղատնտեսության, Տարածքային զարգացման և այլ նախարարությունների ռազմավարություններում էլ հնարավոր աջակցություններ լինեն ձեռնարկություններին:
2017 թ.-ի դրությամբ Հայաստանում ՓՄՁ-ների թիվը 79 հազար է: 2016 թ.-ի տվյալներով փոքր և միջին ձեռնարկությունները ՀՀ տնտեսության մեջ 99 տոկոս են կազմում, իսկ ՀՆԱ-ում արդեն շատ փոքր է. ՓՄՁ-ների ստեղծած ավելացված արժեքը մոտ 25.4 տոկոս է կազմում: Մինչդեռ զարգացած երկրներում այս ցուցանիշը 40-60 տոկոս է:
«Եթե ավելի մանրամասն նայենք, մեր ՓՄՁ-ների 59 տոկոսը առևտրի ոլորտում է ներգրավված, ինչը քիչ հավելյալ արժեք է ստեղծում: Պատճառներից մեկը դա է»,- ասաց ՓՄՁ զարգացման վարչության պետը: Նրա խոսքով՝ պետական աջակցությունը ՓՄՁ-ներին երկու մասի է բաժանում՝ ֆինանսական հասանելիության բարձրացում և խորհրդատվական աջակցություն: Կորյուն Գևորգյանը հայտնեց, որ 2018թ. բյուջեում ՓՄՁ-ներին տրամադրվող վարկավորման գումարն անփոփոխ է մնացել:
Հարցին, թե հեղափոխությունից հետո աճել է նոր ստեղծված ՓՄՁ-ների թիվը, ՓՄՁ զարգացման վարչության պետը նշեց, որ դա հնարավոր կլինի ամփոփել հաջորդ տարվա սկզբին:
«Բայց կարող եմ ասել, որ մեր աջակցության գործիքների շրջանակում աշխուժություն նկատվել է, դիմում են, հետաքրքրությունը կա՝ օգտվելու, նոր գործ սկսելու: Մեզ դիմում են թե հյուրատների բացման համար, որը մարզերում արդեն զարգանում է, թե՛ հանրային սննդի ծառայությունների մատուցման, թե՛ արտադրության: Տարբեր ոլորտներում բիզնեսի հիմնման համար են դիմում, բայց վերջին մի քանի ամիսներին հիմնականը հյուրատնային բիզնեսի մասով է աշխուժությունը»,- ասաց Կորյուն Գևորգյանը: