Հայաստանի առաջնություն. «Փյունիկը» Վանաձորում հաղթեց «Լոռիին», «Արցախն» ու «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Վանաձորի մարզադաշտում հյուրընկալվել է «Լոռիի» կողմից և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Երևանյան թիմի կազմում միակ ու հաղթական գնդակը 59-րդ րոպեին հեղինակել է Ռումյան Հովսեփյանը:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 27-ի և բարձացել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Իսկ «Լոռին» 24 միավորվ նահանջել է 4-րդ հորիզոնական:
Տուրի մյուս խաղում «Արցախը» նախկին «Միկա» մարզադաշտում հյուրընկալել է մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտին»:
Թիմերը միմյանց գոլեր խփել չեն կարողացել:
Առաջին խաղակեսի վերջնամասում վնասվածք է ստացել ու փոխարինվել Հրայր Մկոյանը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում էլ «Ալաշկերտը» մնացել է 10 հոգով. կարմիր քարտ է ստացել և հեռացվել թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանը:
Այս գոլազուրկ ոչ-ոքիից հետո «Ալաշկերտը» վաստակել է 29 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Արցախը» 12 միավոր ունի և գտնվում է 7-րդ հորիզոնականում: