Գերմանիայում «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Գերմանիայում դիվանագիտական առաքելություն իրականացրած բոլոր դեսպաններից ամենաակտիվն է, աշխատող դեսպան է, նրա մասին գերմանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը օբյեկտիվ չէ:
Tert.am-ի հետ զրույցում նա, խոսելով գերմանական մամուլում դեսպանի մասին նախորդ շաբաթ եղած հրապարակումների և դրանից հետո Բեռլինի դատարանի որոշման մասին, ասաց․ «Հարցը միայն դեսպանին չի վերաբերում, վերաբերում է բոլոր հայերին և մեր հանրապետությանը ու մտահոգիչ է բոլորի համար»:
Հիշեցնենք, որ Բեռլինի շրջանային դատարանը նոյեմբերի 6-ին դատական արգելք էր սահմանել գերմանական Spiegel-Verlag թերթի և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ արգելելով տարածել մեղադրական հոդվածներ ու նյութեր Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին:
Իսկ ավելի վաղ այդ լրատվամիջոցները ներկայացրել էին տեղեկատվություն, ըստ որի՝ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել անգամ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:
Տարիներ շարունակված քննությունը, ըստ «Շպիգել»-ի, եղել է Գերմանիայում հանցավոր խմբավորումների դեմ իրականացված ամենաընդարձակ գործողություններից մեկը: Արդյունքում իրավապահները արձանագրել են, որ Գերմանիայում հայկական մաֆիոզ խմբավորումները խորը արմատներ են գցել ու հզոր ցանց ստեղծել, սակայն կասկածյալներին հնարավոր չի եղել ձերբակալել ապացույցների ու միջոցների անբավարարության պատճառով: Հետաքննության շրջանակում, ըստ մամուլի հրապարակումների, շրջանառվել են նաև Գերմանիայում բնակվող հայտնի հայազգի բռնցքամարտիկների՝ Արթուր Աբրահամի և Կարո Մուրատի անունները:
Ազատ Օրդուխանյանն ասում է, որ իր ունեցած տեղեկությունները հաշվի առնելով՝ կարող է եզրահանգել՝ լրատվամիջոցներում ներկայացվածն օբյեկտիվ տեղեկատվություն չէ: «Կան որոշակի ուժեր, որոնք չափազանց հետաքրքրված են այդ հարցի բարձրացմամբ: Ուժերը կարող են լինել հայկական, թուրքական, գերմանական, ռուսական և այլն»,- ասաց նա:
Վերջինս միևնույն ժամանակ նշեց, որ դեսպանի մասին խոսելիս պետք է զգույշ լինել, որովհետև նա երկիր է ներկայացնում: «Իմ անձնական կարծիքով՝ նա աշխատող դեսպան է: Նրան դեռ ուսանողական տարիներից գիտեմ: Չափազանց ակտիվ մարդ է և չափազանց աշխատող: Նա մեր այստեղ եղած բոլոր դեսպաններից ամենաակտիվն է»,- ասաց նա:
Ազատ Օրդուխանյանը նաև «չափազանց մեծ աբսուրդ» համարեց Արթուր Աբրահամին, Կարո Մուրադին, Աշոտ Սմբատյանին կապելը «մաֆիոզ» որակվող խմբի հետ:
«Ես ճանաչում եմ այդ խմբի մի մասին: Նրանք էլ բացարձակապես մերժում են իրենց հետ այդ մարդկանց կապը: Այս հարցի հետևում կան մարդիկ, որոնք չափազանց հետաքրքրված են փակված պատմությունները նորից բացելու հարցով: Ամեն 6 ամիսը մեկ պտտվում է այդ հարցը: Այհսֆելդի տղաների հոգիները դուրս եկան պահանջելու համար, թե որտեղ է խնդիրը, ինչո՞ւ են ամեն անգամ այդ հարցը բարձրացնում: Այն, որ բոլոր ազգերն ունեն այստեղ մաֆիոզ ստրուկտուրաներ, ալբանացիները, թուրքերը, քրդերը, հարավսլավացիները, բուլղարները, ռուսները, ուկրաինացիները, բոլոր գիտեն: Հայերինը հատուկ հարց չէ: Այհսֆելդի տղաների մասով էլ չէի ցանկանա որևէ գնահատական տալ, նրանց հետ կապված էլ դեռ շատ բան պարզ չէ»,- ասաց նա:
Նշենք, որ Ազատ Օրդուխանյանը խոսում է գերմանական մամուլում շրջանառվող տևական բախման մասին, որը կա երկու հայկական մաֆիոզ խմբավորումների միջև: Այս առնչությամբ հետաքննությունը սկսվել է 2009 թվականից ի վեր: Տարիներ շարունակ ընթացող հետաքննությունը չի կարողանում վերջնական պարզել պատճառը, քանի որ հայերը ամբողջական տեղեկություն չեն տալիս ոստիկանությանը: Այդ խմբավորումների մեջ ներառված են ոչ միայն հայեր, այլև ռուսներ, չեչեններ, գերմանացիներ, մոլդովացիներ, իտալացիներ, ինգուշներ և այլ ազգերի ներկայացուցիչներ:
Պետք է նաև հիշեցնել, որ այս հետաքննության հետ կապ ունի դեռևս այս տարվա մայիսին Այհսֆելդ մարզային շրջանի Վորբիս քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող հայերի երկու խմբավորումների միջև ծեծկռտուք է եղել: Միջադեպի վայր են հասել իրավապահ մարմինները, որոնք փորձել են պարզել ծեծկռտուքի պատճառը և գտնել մեղավորներին: Կողմերի մոտ զենք է հայտնաբերվել: Հայկական երկու խմբավորումների միջև մեկ այլ ծեծկռտուք էլ դրանից շաբաթներ առաջ Գերմանիայի մեկ այլ շրջանում է տեղի ունեցել, որում ներգրավված են եղել տասնյակ գերմանաբնակ հայեր: Խոսք է եղել թմրամիջոցների շրջանառության, ավտոմեքենաների վաճառքի, անշարժ գույքին առնչվող հարցերի և այլ դրամական շարժառիթների մասին:
Ըստ Ազատ Օրդուխանյանի՝ մաֆիոզ խմբեր հայտնաբերելու գործընթացում գերմանական մամուլն ազնիվ չի եղել հայերի նկատմամբ: «Շատ հարցեր միակողմանի են ներկայացվում: Եթե լսում ենք հայկական շրջանակներին, որոնք «մաֆիոզ» են համարվում, պատկերը փոխվում է: Բայց նրանց կարծիքը չի հնչում, հնչում է միայն մյուս տեսակետը»,- ասաց նա:
Իսկ դեսպան Աշոտ Սմբատյանի մասին չճշտված տեղեկատվության տարածումը գերմանական լրատվամիջոցների միջոցով, ըստ Ազատ Օրդուխանյանի, անձի դեմ ուղղված քայլ չէ: «Ավելի քան համոզված եմ, որ այստեղ անձի հարց չկա»,- ասաց նա:
Հիմա, ըստ Ազատ Օրդուխանյանի, իրավիճակը ճիշտ լուծում է ստացել․ դատարանն արգելել է լրատվամիջոցներին դեսպանի մասին որևիցե հայտարարություն անել: «Շատ ճիշտ էր դա: Դեսպանը մեր բոլորի դեմքն է: Չէր կարող նման բան լինել: Մեր գերմանացի ընկերները զարմացած մեզ հարցեր են տալիս, ի՞նչ պետք է պատասխանենք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ որպեսզի տարածված լուրերն իրենց բացասական ազդեցությունը չունենան Հայաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների և գերմանահայ համայնքի վարկանիշի վրա, դեսպանը պետք է մեծ խորհրդաժողով կազմակերպի համայնքային պատասխանատուների հետ, լինեն նաև Հայաստանից ներկայացուցիչներ, որոնք նման հարցերում կարող են լուծումներ առաջարկել:
«Հարցը դեռ չի փակվել և կշարունակվի: Համարյա թե վստահ եմ, որ հարցը նորից վեց ամիս հետո կբարձրացվի: Միշտ այդ հարցը բարձրացվում է, չնայած որ այն փակված է»,- ասաց նա: