Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածը։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածում, լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին:
Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն՝ անձեռնմխելիության հիմքով: Ինչպես մեղադրանքի կողմն, այնպես էլ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան և բողոքները Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել սեպտեմբերի 19-ին:
Վճռաբեկ դատարան բերված Դատախազության բողոքը վերաբերում է միայն անձեռնմխելիության հիմքին: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա ի հավելումն անձեռնմխելիության հիմքին՝ Վերաքննիչ դատարան էին ներկայացվել նաև այլ, ոչ պակաս կարևոր հիմնավորումներ, որոնց Վերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, և այդ պատճառով բերվել էր Վճռաբեկ բողոք:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ՝ Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել: Այլ տեղեկություններ լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»: