Կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակներում ներառված հարցերից է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը: «2014թ. դեկտեմբերի 20-ի «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրի և 2015թ. փետրվարի 5-ի «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև` ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի հարցը: Դրա շրջանակներում իրականացվում է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը:
Ծրագիրն իրականացվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից:
Ծրագրի իրականացման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի (Պատվիրատու) և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի (Կապալառու) միջև 2015թ. հունիսի 1-ին ստորագրվել է «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացում, ծառայությունների մատուցում և ապրանքների մատակարարում» պայմանագիր, որի շրջանակներում օգոստոսի 20-ի դրությամբ ստորագրվել են թվով 52 լրացուցիչ համաձայնագրեր` շուրջ 204,42 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Ըստ հիմնավորման` ՀՀ կառավարության 2018թ. փետրվարի 1-ի արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ծրագրի իրականացումն ապահովող ԼՀ-ն՝ 57 117 520 ԱՄՆ դոլար արժողությամբ: Որոշման համաձայն՝ անհրաժեշտ է կնքել ընդհանուր թվով շուրջ 95,65 մլն ԱՄՆ դոլարի (տրամադրված վարկի և դրամաշնորհի առկա մնացորդային միջոցներ) մի քանի տասնյակ ԼՀ-ներ:
Ներկայումս գնման ընթացակարգերն անվերապահորեն կազմակերպվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի կողմից՝ համաձայն «Ռուսատոմ» Պետական կորպորացիայի գնումների միասնական ճյուղային ստանդարտի պահանջների և դրույթների:
Ըստ նախագծի՝ գնման ընթացակարգի աշխատանքների նկատմամբ վերահսկողության և վերջնական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ է դրանք ներկայացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի քննարկմանը: