Իմ հրաժարականը որևէ կապ չի ունեցել հարմարավետության հետ:
Այսօր պաշտոնավորման 100 օրն ամփոփող ասուլիսին նման հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմա իրեն քաղաքականապես հարմա՞ր է զգում: Նա շեշտեց՝ ինքն այն ժամանակն էլ եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, հիմա էլ նույն կուսակցությունից է:
«Կառավարությունում կան բազմաթիվ անդամներ, որոնք որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից չեն: Սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք որևէ կապ չունեն հարմարավետության հետ, քանի որ դու կա՛մ աշխատում ես, կա՛մ էլ չես աշխատում: Եթե աշխատում ես, ուրեմն հարմարավետ ես զգում»,- ասաց նա:
Թանդիլյանը հայտարարեց, որ իր հրաժարականի որոշումը կապված է եղել այն լուծման հետ, որը տրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակայի համակարգի հետ, որը քննարկված չի եղել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ քննարկման ընթացքում եկան հանգուցալուծման, և առաջարկները ընդունվեցին, ավելին՝ հունվարի 1-ից ավելի լավ օրենք են ունենալու:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական է տվել Մանե Թանդիլյանը, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը չընդունեց: