Իրենց իրավունքն է, բերել փակցրել են: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ անդրադառնալով երեկ ԿԸՀ-ի դիմաց իրականացրած ակցիային, որի շրջանակում նաև իր հրաժարականը պահանջող պաստառներ էին փակցվել ԿԸՀ պատերին: Նա շեշտեց, որ ինքն այժմ էլ զբաղված է իր գործով և նկատեց, որ իրենց հանձնաժողովի պարտականությունն ընտրությունները կազմակերպելն է:
«Սկսել է ընտրական գործընթաց, մեր պարտականությունն է՝ զբաղվել ընտրական գործընթացը կազմակերպելով, ինչն էլ մենք իրականացնում ենք»,- ասաց Մուկուչյանը:
Հարցին՝ ստացվում է, որ մտադի՞ր չեք հրաժարական տալ և շարունակելու եք բնականոն աշխատել, Տիգրան Մուկուչյանը կարճ պատասխանեց տվեց՝ ասելով, թե վերոնշյալ մտքով ինքն ամբողջությամբ պատասխանեց հարցին:
Հիշեցնենք, որ երեկ Հայ կառուցողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքի ակցիա իրականացրեց, ինչպես իրենք են պնդում՝ հանուն ժողովրդավարության:
Կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, թե իրենք չեն կարող հանդուրժել, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունները կամ հանրաքվեները գլխավորի ԿԸՀ ներկա կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, և պահանջում են Մուկուչյանի հրաժարականը: