ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի հետ։
Ինչպես փոխանցում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Ալբերտ Բաբայանը, ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Արման Խաչատուրյանը, ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամի խորհրդական Սամատ Ալիևը, ՏԶՆՆ ԵԱՏՄ և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակներում աշխատուժի տեղաշարժի, կենսաթոշակային, մաքսատուրքերի վերաբաշխման, ԱԱՀ վերադարձման, դրա փոխհաշվարկի, գործարարների հետ անմիջական աշխատանքի և մի շարք այլ հարցերի։ Քննարկվել են նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախանշվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին առնվող հարցեր։