Քրեական գործ է հարուցվել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում կատարված չարաշահումների հետ կապված: Այսօր աշխատանքային 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ գործը բավականին ծավալուն է, և 2 տասնյակից ավելի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահներ և անգամ նախարարության կառույցի ղեկավար են ներգրավված:
«Ես փորձում էի հասկանալ, թե ինչպես պետք է անել, որ այստեղ կոռուպցիան վերանա, ինձ ասացին, որ այդ ոլորտում աշխատողների 99 տոկոսին ուղղակի պետք է փոխել: Իսկ դա պրակտիկայում անհնարին է: Մենք այսօր էլ հայտարարություն ենք տարածել, որ բժիշկների ենք հրավիրում»,-ասաց Թանդիլյանը:
Նախարարը վստահեցրեց, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը պաշտոնավարման առաջին օրվանից եղել է իր ուշադրության կենտրոնում: Թանդիլյանը շեշտեց, որ այս ոլորտի հետ կապված բազմաթիվ դժգոհություններ են եղել:
«Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը հենց առաջին օրվանից գտնվել է իմ ուշադրության կենտրոնում, որովհետև այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ որևէ մեկը գոհ չի եղել իրեն տրված հաշմանդամության խմբից: 118 հազար քաղաքացի կա մոտավորապես, որ մեր երկրում ունի հաշմանդամության կարգ, բայց ակնկալիքը ոչ միայն ավելին է, այլև նախկինում եղած հատկացումների և խմբերի շնորհման արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ նաև լինում են քաղաքացիներ, որոնք չեն համապատասխանում այն կարգավորումներին, որով շնորհվում են»,-եզրափակեց Մանե Թանդիլյանը: