ՀԱԿ-ում դեռ քննարկում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հետ կապված հարցը, բայց իմ կարծիքով՝ ավելի լավ կլինի, եթե ՀԱԿ-ն աջակցի հեղափոխություն իրականացրած ուժերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
«Հավանաբար, վերջնական որոշում մինչև շաբաթվա վերջ ՀԱԿ-ը կկայացնի: Հնարավոր է՝ չմասնակցենք, ամեն ինչ էլ հնարավոր է: Պետք է աջակցել այն ուժերին, որոնք ուզում են չարքից ազատել էս երկիրը, Նոր Հայաստան կերտեն: Մասնավոր քննարկումների ժամանակ այս կարծիքը ավելի շատ է հնչում: Դա չի նշանակում, որ ՀԱԿ-ը վախեցած է, չունի էլեկտորատ: Մենք կարող ենք արդյունքների հասնել, պարզապես, ճիշտն այն է, որ ուժերի պառակտում չլինի»,-նշեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀԱԿ-ը 2009 թ-ի ավագանու ընտրություններում, երբ ցուցակը գլխավորում էր առաջին նախագահ, «Կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը հաջողություն չունեցավ՝ Վ. Մալխասյանն արձագանքեց.
«Էն ժամանակ գործ ունեինք բիրտ, հակահայ ուժերի հետ: Էն ժամանակ ընտրությունները ոչ թե իրական արդյունքն էին ցույց տալիս, այլ Ստալինի սիստեմով էին առաջ գնում»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը, ապա այդ հարցը, ըստ նրա, կքննարկեն, երբ ժամանակը գա: