Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ:
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով՝ «Պաշտպանության նախարարության N զորամասի ՎՔՆ ծառայության նախկին պետը, կոչումով՝ կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել է ապրանքագիր՝ մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կատարելով կեղծ գրառումներ»:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), և 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) կետերով:
«Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: