Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կարծում է, որ նախկին կինը՝ դերասանուհի Անջելինա Ջոլին, «զզվելի» է վարվել՝ հանրայնացնելով իրենց ամուսնալուծության գործընթացի որոշ մանրամասներ: Փիթի համոզմամբ՝ երեխաներն այդ ամենի մասին կարող են տհաճ բաներ կարդալ սոցցանցերում:
Չնայած, որ նախկին զույգը նախընտրում է գործընթացն անցկացնել դռնփակ՝ մասնավոր դատավորի օգնությամբ, այնուհանդերձ՝ Ջոլիի կողմից որոշ մանրամասներ արտահոսել են համացանց:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հոլիվուդյան աստղի կարծիքով՝ դատական պայքարի տհաճ մանրամասները չպետք է հասնեն երեխաներին՝ 16-ամյա Մեդոքսին, 14-ամյա Պակսին, 13-ամյա Զահարային, 12-ամյա Շայլոյին, 9-ամյա երկվորյակներ Վիվյենին ու Նոքսին, որոնք կարող են այդ մասին տարբեր կայքերում կարդալ:
Փիթին մոտ աղբյուրի պատմելով՝ դերասանը լիահույս է, որ Ջոլին ի վերջո կգիտակցի, որ իր քայլերով ցավ է պատճառում երեխաներին ու կդադարեցնի գործընթացի մանրամասների հանրայնացումը:
Նախորդ շաբաթ Ջոլին իր փաստաբանի միջոցով նախկին ամուսնուն մեղադրել էր երեխաների համար շատ քիչ ալիմենտ վճարելու համար: Փիթը ստիպված էր արձագանքել՝ կրկին փաստաբանի միջոցով տեղեկացնելով, որ 2016թ. տեղի ունեցած բաժանումից ի վեր վճարել է ավելի քան 9 մլն դոլար: