Իրանցի ցուցարարները մեղադրում են երկրի կառավարությանը գնաճի ու գործազրկության մակարդակի բարձրացման համար, գրում է Al Arabiya-ն՝ նկատելով, որ շարքային իրանցիների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է ոչ թե Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ հենց իրենց կառավարությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս շաբաթ մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները բղավել են «Մա՛հ Խամենեիին» (Ալի Խամենեին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն է-tert.am), «Մա՛հ գնաճին»:
Նշվում է, որ ցույցերի ամենասկզբում իրանցիները հակված էին այն մտքին, որ տնտեսական անկայունության մեղավորն այլ պետություններն են, ամերիկյան պատժամիջոցները, Թրամփի՝ 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը:
Սակայն, ցույցերի մասշտաբների ընդլայնմանը զուգահեռ, ցուցարարների տրամադրությունը փոխվեց. այժմ նրանք մեղադրում են նախագահ Հասան Ռոհանիին ու կառավարությանը:
«Իրանի իշխանությունները փորձում են համոզել, որ մեր բոլոր դժբախտությունների հետևում կանգնած է Թրամփը, սակայն միակ մեղավորը Խամենեին է: Մենք այլևս օտար երկրի նախագահին չենք մեղադրում, այլ մեղադրում ենք մեր երկրի իշխանություններին»,-հայտարարել է ցուցարարներից մեկը: