«Ալաշկերտի» պատվիրակությունն ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի գլխավորությամբ ժամանել է Ռումինիա, որտեղ թիմն օգոստոսի 16-ին կհանդիպի տեղի չեմպիոն «Կլուժին» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Այսօր երեկոյան կկայանա ալաշկերտցիների առաջին մարզումը մրցավայրում, իսկ արդեն վաղը Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը կանցկացնի նախախաղային մարզումը:
«Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին (տեղի ժամանակով 20:00-ին):
ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը», հիշեցնենք, Երևանում 0:2 հաշվով պարտվել էր «Կլուժին»: