Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը թույլ էր տալիս ռուսական և ամերիկյան ինքնաթիռներին դիտորդական թռիչքներ իրականացնել երկու երկրների օդային տարածքում:
Թրամփի որոշման մասին ասվում է ԱՄՆ-ի՝ Կոնգրեսի կողմից ընդունված ու նախագահի կողմից ստորագրված ռազմական բյուջեի մասին փաստաթղթում:
Նշվում է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ֆինանսավորել Բաց երկնքի մասին պայմանագիրն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը Կոնգրեսում չի ներկայացրել ապացույցներ՝ Ռուսաստանի կողմից պայմանագրի պահանջները կատարելու վերաբերյալ:
Հատկանշական է, որ պայմանագրի սառեցման պատասխանատվությունը Վաշինգտոնը դրել է Մոսկվայի վրա:
ԱՄՆ-ն պնդում է, որ Մոսկվան պետք է վերջ տա դիտորդական թռիչքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները հետախուզական նպատակներով օգտագործելու պրակտիկային:
Բացի այդ, ԱՄՆ-ն պահանջում է Ռուսաստանից թույլ տալ դիտորդական թռիչքներ կատարել Կալինինգրադի մարզի, Չեչնիայի, Մոսկվայի, ինչպես նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ սահմանային տարածքների վրայով: