«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է մոտ ժամանակներս բանակցություններ վարել իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է «BBC»-ն:
27-ամյա իսպանացու գործող պայմանագիրը մանկունիացիների հետ ավարտվում է 2019 թվականի ամռանը:
Նշվում է, որ ՄՅՈւ-ն պայմանագիրը 12 ամսով երկարաձգելու հնարավորություն ունի, սակայն «կարմիր սատանաները» հույս ունեն միանգամից նոր պայմանագիր կնքել դարպասապահի հետ:
Բազմիցս խոսվել է այն մասին, որ դե Խեայի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: Իսպանացուն ձեռք բերելուն մադրիդցիներն ամենամոտը եղել են 2015 թվականին: Հավանական տրանսֆերի վերաբերյալ խոսակցությունները չէին դադարում այնքան ժամանակ, մինչև այս ամառ մադրիդցիները ձեռք չբերեցին «Չելսիի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային:
Այս կերպ, «Ռեալի» դարպասապահական գիծն ուժեղացել է, ինչը ՄՅՈւ-ին թույլ կտա ավելի մեծ շանսեր ունենալ դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման համար: ԶԼՄ-ների փոխանցմամբ, անգլիական ակումբը 5 տարվա պայմանագիր կառաջարկի դարպասապահին` ընդհանուր 50 մլն եվրո արժողությամբ:
Հիշեցնենք` դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին «Աթլետիկոյից»: 2017/18 մրցաշրջանում նա Անգլիայի առաջնության 37 հանդիպման է մասնակցել, որոնցում 18 անգամ դարպասն անառիկ է պահել: