Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան այցելել է 57-ամյա հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերին, որը ներկայում գտնվում է քննչական մեկուսարանում:
Ինչպես հայտնում է iz.ru-ն, Կուզնեցովան մանրամասնել է, որ 17-ամյա աղջիկը հավելյալ բուժզննում կանցնի: Նրա փոխանցմամբ՝ բուժհետազոտությունները կսկսվեն վաղվանից:
Կուզնեցովան նաև ընդգծել է, որ շատ է կարևորում, որ աղջիկն ուսումնական տարվա մեկնարկից կրկին զբաղվի ուսմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար կասկածվող դուստրերը՝ 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Կրիստինա Խաչատուրյանները, որոնք այժմ գտնվում են քննչական մեկուսարանի տարբեր խցերում, կկարողանան շարունակել ուսումը, պետական միասնական քննություն հանձնել ու ատեստատ ստանալ:
Մարիան և Անգելինան նույն դասարանում են սովորել, սակայն դպրոցն ավարտելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ հայրը թույլ չի տվել դասի գնալ: Տևական բացակայությունների պատճառով աշակերտուհիներին թույլ չեն տվել մասնակցել միասնական պետական քննություններին ու ատեստատ ստանալ:
«Թիվ 6 քննչական մեկուսարանում պահվում են անչափահասներ, ուստի՝ մեկուսարանը պայմանավորվել է դպրոցի հետ, որ քույրերը կարողանան շարունակել ուսումը՝ թեկուզ բանտի պատերից ներս:
Մարիան և Անգելինան սեպտեմբերից բանտային դպրոց կհաճախեն ու կկարողանան ավարտել 11-րդ դասարանը, քննությունները հանձնել»,-նշել է աղջիկներին մեկուսարանում այցելած իրավապաշտպան Իվան Մելնիկովը:
Հիշեցնենք, որ դաժան սպանությունը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին՝ Մոսկվայում: Հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:
Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց: Աղջիկները պատմել են, որ հայրն իրենց թույլ չէր տալիս ուսումը շարունակել: Նրանց խոսքով՝ հայրը տանն իսկական զինանոց ուներ ու անընդհատ սպառնում էր իրենց: Աղջիկների պնդմամբ՝ հայրն ուզում էր, որ իրենք անընդհատ իր կողքին լինեին ու իրենց փաստացի օգտագործում էր տնային ստրուկների պես:
Հարևաններն ու աղջիկների ընկերները պատմել են, որ հայրն իրեն պահում էր իսկական բռնապետի պես, հաճախ էր ցասման նոպաներ ունենում: Հատկանշական է, որ բոլոր հարցվածները քույրերի մասին միայն դրական բաներ են պատմել՝ նրանց բնութագրելով որպես համեստ, բարեհամբույր և հաշտ քույրեր: Աղջիկներից մեկի ծանոթի պատմելով՝ քույրերը երբեք միայնակ տնից դուրս չէին գալիս: Հայրը նրանց կարող էր ծեծել ամենաչնչին բանի համար: