Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Քևին Հասեթը թուրքական շուկայում տատանումները վերագրել է ժողովրդավարությունից շեղվելուն, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցներին ու մաքսատուրքերին, գրում է РИА Новости-ն:
«Երբ երկիրը կորցնում է ազատական ժողովրդավարության հետ կապը, չես կարող հստակ իմանալ, թե հետագայում ինչ կլինի տնտեսության հետ: Կարծում եմ՝ կա մեծ անորոշություն»,- հատարարել է Հասեթը MSNBC-ի եթերում՝ հավելելով, որ երբ արժույթը 40%-ով անկում է ապրում, նշանակում է այդ երկրի տնտեսության հիմնային ցուցանիշների մեծ մասը լավ վիճակում չեն:
Նրա խոսքով՝ նոր մաքսատուրքեր են սահմանվել միայն պողպատի համար, իսկ այդ ոլորտը Թուրքիայի տնտեսության միայն «շատ փոքր մասն է»: Հասեթը նաև նշել է, որ ԱՄՆ վարչակազմը հետևում է լիրայի փոխարժեքին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին թուրքական լիրան արագընթաց անկում է ապրում: Նախօրեին այն շարունակել է արագընթաց անկումը դոլարի նկատմամբ՝ գրանցելով նոր ռեկորդ․ մեկ դոլարը Թուրքիայում վաճառվել է 6,8 թուրքական լիրայով, մինչդեռ նախորդ շաբաթ մեկ դոլարը 5 լիրա արժեր, իսկ անցյալ ամիս՝ 4,5-4,8 լիրա։
Մեկ եվրոն այժմ Թուրքիայում վաճառվում է 7,9 լիրայով, այն դեպքում, երբ ամսվա սկզբին մեկ եվրոն Թուրքիայում արժեր 6 լիրա։