Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյա Թրամփի ծնողներին շնորհվել է ԱՄՆ քաղաքացիություն, այս մասին տեղեկացրել է NBC հեռուստաալիքի թղթակից Քելլի Օ'Դոննելը Twitter-ի իր պաշտոնական էջում։
Նշենք, որ այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ առաջին տիկնոջ ծնողները ստացել են երկրի մշտական բնակիչների կարգավիճակ, այսինքն՝ ստացել են «Գրին քարտ»։ Այս լուրը բուռն քննադատությունների տեղիք տվեց ԱՄՆ նախագահի դեմ, որը հայտնի է ներգաղթյալների հանդեպ իր բավականին կոշտ քաղաքականությամբ։
Ըստ ԱՄՆ գործող օրենքների՝ օրինական ներգաղթյալներն իրավունք ունեն դիմում ներկայացնելու իրենց հարազատների՝ ԱՄՆ մուտք գործելու համար։ Այդ ցանկի մեջ մտնում են երեխաները, ամուսինները, քույրերն ու եղբայրները, ինչպես նաև ծնողները։ Հայտնի է, որ գործող օրենսդրության հենց այս նորմերից են օգտվել Մելանյա Թրամփի հայրն ու մայրը։
Ըստ տեղեկությունը տարածած լրագրողի՝ Սպիտակ տունը դեռևս հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել վերոնշյալ լուրը։