Հայաստանի կառուցողական կուսակցությունը դեռ գրանցված կուսակցություն չէ, այդ պատճառով կինս՝ Անահիտ Թարխանյանը, «Գալա»-ի ցուցակով առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԿԿ նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
«Մենք գրանցման համար դեռ չենք դիմել Արդարադատության նախարարություն»,- հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ճարտարապետ Անահիտ Թարխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և բոլոր երևանցիների սպասումները և վստահությունը»,- գրել էր նա։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի կառուցողական կուսակցությունը հունիսի 30-ին համագումար էր անցկացրել և հայտարարել կուսակցություն ստեղծելու մասին: «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը կուսակցություն էր դարձել «Հայ կառուցողական կուսակցություն» անվանումով։