Իտալական Կատանիայի համալսարանի գիտնականները Կահիրեի մոտակայքում գտնվող Սակարա շրջանում 3.200 տարվա հնության պանիր են հայտնաբերել, որը պատրաստված է կովի, ոչխարի և այծի կաթից:
Ինչպես նշում է Youm7-ը, ուսումնասիրություններն անցկացվում էին Կահիրեի համալսարանի հետ մեկտեղ: Մասնագետներն ուսումնասիրել են պանրի մնացորդները Սակարայում հայտնաբերված գերեզմաններից մեկում: Ենթադրվում է, որ պանիրը պատրաստվել է մ.թ.ա. 1290-1213 թվականներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լաբորատոր փորձարկումների արդյունքում գիտնականները ոչ միայն բացահայտել են պանրի բաղադրությունը, այլ նաև՝ բակտերիաներ հայտնաբերել, որոնք կարող էին Հին Եգիպտոսում տարածված «միջերկրածովյան տենդ» հիվանդության պատճառ դառնալ: Այս հիվանդությամբ տառապում էին մարդիկ և անասունները:
Հին եգիպտացիները հավատում էին անդրշիրիմյան կյանքին և մահացածների մոտ սնունդ, ըմպելիքներ, զինամթերք և կենցաղային իրեր էին դնում: Այս ամենը, նրանց համոզմամբ, անհրաժեշտ էր մահացածին նրա նոր կյանքում: