Երաժիշտ-երգահան, «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր անդամ Եղիշե Պետրոսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ ներկայիս իշխանություններին Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու հարցով չեն դիմել:
«Կարծում եմ՝ հիմա դրա ժամանակը չէ, որովհետև այնքան անհետաձգելի գործեր կան կուտակված: Չմոռանանք՝ սա ժամանակավոր կառավարություն է, և այն առաջնահերթ պետք է անդրադառնա ամենահրատապ խնդիրների լուծումների փնտրտուքին: Երբ ի վերջո նոր կառավարություն կձևավորվի, և քաղաքական հավասարակշռության կհասնենք, այդ ժամանակ կարելի է դրան անդրադառնալ: Մենք հասկանում ենք, որ դա որքան էլ կարևոր լինի, բայց այս պահին կան շատ ավելի հրատապ լուծում պահանջող անհետաձգելի հարցեր: 25 տարի միայն քանդվել և թուլացվել է մեր պետությունը, հիմա տարիներ են պետք գոնե զրոյական մակարդակին վերադառնալու համար»,- նշեց Եղիշե Պետրոսյանը:
Օգոստոսի 9-ը Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» ծննդյան օրն է: Արցախյան ազատամարտի մասնակից, փայտի գեղարվեստական փորագրող Արթուր Սարգսյանը հայտնի դարձավ ՊՊԾ գունդը գրաված անձանց սնունդ հասցնելով։ Կալանավորումից հետո Արթուր Սարգսյանը մահացել էր 2017 թ. մարտի 16-ին:
«Պետք չէ թույլ տալ, որ իր այդ ոգեղեն տեսակը հանկարծ մոռացության մատնվի, չնայած արդեն նախադրյալներ կան, որ այդպես չի լինի. երկրում իրավիճակ է փոխվել: Կարծում եմ՝ մենք նրան արժանին կմատուցենք՝ նաև հուշարձան կանգնեցնելով: Իշխանությունն իհարկե իր խոսքը կասի որոշ ժամանակ անց, երբ մի քիչ կամրացվեն պետականության դիրքերը: Պետք չէ արհեստական շտապողականության դրսևորել, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- ասաց Ե. Պետրոսյանը:
Նախորդ տարվա նոյեմբերին մի խումբ մտավորականներ հանդես էին եկել Արթուր Սարգսյանի արձանը կանգնեցնելու առաջարկով և ներկայացրել էին արձանի նախագիծ: Նախագիծը ներկայացրել էին Անահիտ Թարխանյանը, Թամարա Հովհաննիսյանը, Հասմիկ Պապյանը և Եղիշե Պետրոսյանը:
Հուշարձանի մանրակերտն արել է երիտասարդ ճարտարապետ Արին Ավետիսյանը, որը գրեթե երեք ամիս աշխատել է նախագծի վրա:
Նախագծի հեղինակների խոսքով՝ հուշարձանն ունենալու էր բազմազան սյուներ, որոնցից ամեն մեկը խորհրդանշելու է Արթուր Սարգսյանի բնավորության բազմազանությունը, իսկ ապակին, որով ավարտվում են բազալտե սյուները, խորհրդանշում է այն բարությունն ու մարդասիրական վերաբերմունքը, որն Արթուր Սարգսյանը դրսևորել է իր կյանքի ընթացքում:
«Ցանկացած բան, որը կապված էր ապստամբության և նրան սատարող մարդկանց հետ, բնականաբար, հին իշխանությունը պետք է մերժեր: Եվ ընդհանրապես, ցանկացած բան, որը կարող էր խանգարել իրենց իշխանությանը, այդ ամեն ինչին նրանք միշտ էլ բացարձակ անհանդուրժողականություն են դրսևորել»,- հայտարարեց Եղիշե Պետրոսյանը:
Արվեստագետի կարծիքով՝ «Հաց բերողի» քայլերը շատերի վրա մեծ ազդեցություն են ունեցել՝ սեփական անձն արժևորելու, մարդն ինքն իրեն որպես գործոն ճանաչելու առումով:
«Նա իր համարձակ քայլերով ցույց տվեց, որ մարդը որպես անհատականություն կարող է իրավիճակ փոխել: Սա լուրջ ուսումնասիրության նյութ է, ես անձամբ ինձ վրա նրա քայլերի ազդեցությունն զգացել եմ: Մեկ խոսքով եթե բնութագրեմ՝ ես, այո՛, շանթահարվել եմ:
Կարծում եմ՝ ինձ նման շատ-շատ այլ մարդիկ էլ նույն զգացումն են ունեցել: Ոչինչ անհետ չի կորում, ամեն ինչն էլ իր հետքը թողնում է»,- ասաց Ե. Պետրոսյանը: