ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական և Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկությամբ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են մեր երկրի արտաքին և ներքին քաղաքականությանը:
Հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների առնչությամբ Էդուարդ Շարմազանովը կարևորել է դրանց զարգացումն ու խորացումը՝ նշելով, որ Հայաստանն արդեն խորհրդարանական պետություն է և գերմանական փորձն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի կառավարման գործում։
Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Արցախի խնդրին: Այդ առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
«Արցախը փաստացի անկախ պետություն է, իսկ ԼՂ հակամարտության արդար և հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։