Այս փուլում տեղյակ չեմ, թե ՀԱՊԿ-ում ինչ տրամադրվածություն կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք որևէ թեկնածուի անուն հայկական կողմը շրջանառում է, Դավիթ Տոնոյանն ասաց.
«Դեռ չի քննարկվել, այս պահին Յուրի Խաչատուրովը շարունակում է պաշտոնավարել, բայց ինչպես հայտարարվել է, կոնսուլտացիաների գործընթաց է սկսվել, որից հետո կլինի թեկնածուի առաջադրման գործընթաց: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոլեգիալ, կոնսենսուսային կերպով»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք կիսում է այն գնահատականը, որ 2008թ-ի մարտի մեկին ռազմական հեղաշրջման փորձ է արվել, Դավիթ Տոնոյանը կարճ պատասխանեց, որ համապատասխան գնահատականը կտա դատարանը:
Ինչ վերաբերում է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հայտարարությանը, թե ՊՆ գնումները կենտրոնացված են, ռիսկային, քանի որ գնումներում հաղթող են ճանաչվել 359 ընկերություններ, բայց խոշորագույն 10 մատակարարները վերահսկում են ՊՆ գնումները, ապա Դավիթ Տոնոյանն ասաց, որ դրա մեջ որոշակի ճշմարտություն կա:
«10 խոշոր կազմակերպություն՝ դեռևս չի նշանակում կոռուպցիա, բայց ռիսկը կա: Գնումների մասին օրենքն ավելի շատ հնարավորություն է տալիս նրանց, ովքեր վստահելի են գնումների գործընթացում, դրա համար խոշորները շատ ավելի շատ են մասնակցում մրցույթներին: Տնտեսագետն ահազանգում է, որ կան կոռուպցիոն ռիսկեր»,- ասաց նախարարը:
Մանրամասները` տեսանյութում։