Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:
Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձել առկա խնդիրներին:
Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ:
Այցի ընթացքում քննարկվել են նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավելի արդյունավետ և համակարգված աշխատանքներին:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շրջել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղել ավտոպարկում, ծանոթացել սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին: