Բնությունն անընդմեջ ենթարկվում է փոփոխությունների, ինչն անդրադառնում է նաև մարդկության վրա: Թվում է՝ մենք արդեն ամեն ինչ գիտենք մեր մոլորակի մասին, սակայն դա այդպես չէ:
Երբեմն մարդիկ նպաստում են այդ փոփոխություններին, ինչը ոչ միշտ է դրական ազդեցություն ունենում էկոհամակարգի վրա: Այսպես, օրինակ, մարդիկ կղզիներ են ստեղծում՝ ծառայեցնելով դրանք իրենց նպատակներին և օգտագործելով նոր տարածքն ու ռեսուրսները:
AdMe.ru-ն պատմել է աշխարհի «ամենաերիտասարդ» կղզիների մասին, որոնք ստեղծվել են բնական փոփոխությունների կամ մարդկային միջամտության արդյունքում:
Սյուրտսեյ, Իսլանդիա
1963 թվականին Իսլանդիայի հարավում հրաբխի ժայթքման արդյունքում առաջացել է Սյուրտսեյ կղզին: Կղզում կենդանիների ու բույսերի բազմազանություն կա, սակայն այստեղ կարող են գալ միայն գիտնականները: Սովորական այցելուները կարող են տեսնել կղզին զբոսաշրջային լաստանավից:
Սյուրտսեյը Համաշխարհային բնական ժառանգության կարգավիճակ ունի: Այստեղ հետազոտական և օդերևութաբանական կայաններ կան, ինչպես նաև՝ շուրջօրյա ռեժիմով աշխատող վեբ-տեսախցիկ:
Նիսինոսիմա, Ճապոնիա
Նիսինոսիմա կղզին ձևավորվել է 1974 թվականին՝ ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում, սակայն այն հայտնի է դարձել 2013 թվականի ժայթքումից հետո, երբ նրա մակերեսը զգալիորեն մեծացել է: Այդ պահից ի վեր կղզին գտնվում է կենսաբանների ուշադրության կենտրոնում. նրանց կանխատեսումների համաձայն՝ կղզում բնակվող թռչունների շնորհիվ այնտեղ կարող է հարուստ բուսական աշխարհ առաջանալ: Այդ պատճառով կղզին մեկուսացվել է՝ արտաքին օրգանիզմների հետ կոնտակտները սահմանափակելու համար:
1978թ. և 2016թ.
Տիլաֆուշի, Մալդիվներ
Մալդիվները հայտնի են իրենց դրախտային լողափերով, մաքուր ջրով ու շքեղ հյուրանոցներով: Սակայն այստեղ վայրեր կան, որոնք ոչ բոլորը կցանկանային այցելել, օրինակ՝ Տիլաֆուշի կղզին: Այն ստեղծվել է 1992 թվականին՝ աղբ պահեստավորելու համար: Այս կերպ իշխանությունները փորձել են լուծել վերամշակման հարցը, սակայն արդյունքում Տիլաֆուշին մի մեծ աղբավայրի է վերածվել:
Աղբի վրա շինարարական թափոններ էին լցնում, այնուհետև հարթեցնում կորալային ավազով:
Այժմ կղզու վրա նավաշինարաններ, ցեմենտի փաթեթավորման ձեռնարկություններ և տարատեսակ պահեստներ են տեղակայված:
Արմավենիների կղզիներ, Դուբայ
Այս արշիպելագը կառուցվել է 2001-2015 թվականներին: Այն բաղկացած է երեք կղզիներից, որոնք միասին արմավենու տեսք ունեն: Կղզիներում բնակելի թաղամասեր, հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ ու լողափեր կան:
Արմավենիների կղզիների կառուցումը մի շարք էկոլոգիական խնդիրներ է առաջացրել. ֆլորայի ու ֆաունայի փոփոխություն, ափամերձ գոտու էրոզիա, ջրի աղտոտում և այլն:
«Քաթարի մարգարիտ», Դոհա
«Քաթարի մարգարիտ» բնակելի համալիրը դարձել է Քաթարում առաջին վայրը, որտեղ օտարերկրյա քաղաքացիները կարողացել են հողատարածքի սեփականատեր դառնալ: Այս պահի դրությամբ համալիրում համապատասխան ենթակառուցվածքներով 13 կղզի կա: Բացի բնակելի շենքերից՝ այստեղ հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ, գրասենյակներ ու լողափեր կան:
Զալզալա, Պակիստան
2013 թվականին երկրաշարժի հետևանքով Արաբական ծովում ձևավորվել է նոր՝ Զալզալա կղզին: Այն գտնվում է Պակիստանի ափից ընդամենը երկու կմ հեռավորության վրա:
Վարկածներից մեկի համաձայն՝ կղզին կեղտի հսկայական կույտ է, որը երկրաշարժի հետևանքով դուրս է մղվել ծովի հատակից:
Տոկիոյի «Դիսնեյլենդ»
Տոկիոյի «Դիսնեյլենդ»-ը բացվել է 1983 թվականին՝ արհեստական կղզու վրա: Սա առաջին «Դիսնեյլենդ»-ն էր, որը կառուցվել է ԱՄՆ-ից դուրս: