Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում (Գանձակ) տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ևս մեկ մարդ է ձերբակալվել, հայտնում է Report գործակալությունը:
Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալված Հիքմեթ Ալիևի նկատմամբ Նասիմի շրջանային դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում երկու ոստիկան էր սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ դեպքերն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Հաղորդվել է, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը:
Գյանջա քաղաքում անկարգությունների համար ընդհանուր առմամբ 22 մարդ է ձերբակալվել, հաղորդվել է նաև զինված դիմադրություն ցույց տալու հետևանքով երկու մարդու սպանվելու մասին: