Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի հատուցումներ կկատարի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը, որոշում է ընդունվել օգոստոսի 6-ին հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կողմից:
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամ շարքային Բաբկեն Էդուարդի Սիմոնյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:
Համաձայն «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: