Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել եվրոպական ձեռնարկություններին ակտիվացնել Իրանի հետ առևտուրը և այդ երկրում տնտեսական գործունեությունը: Այդ մասին նա հայտնել է Վելինգտոնում Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է The Washington Post-ը:
«Մենք անում ենք մեր ուժերի ներածին չափով ամեն բան, որպեսզի Իրանը դուրս չգա այդ գործարքից, որպեսզի Իրանը շարունակի տնտեսական օգուտ ստանալ այդ համաձայնագրից, որն օգուտ է տալիս այդ երկրի ժողովրդին, քանի որ վստահ ենք, որ դա համապատասխանում է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի անվտանգության ոլորտում շահերին»,- ասել է Մոգերինին:
«Մենք կոչ ենք անում փոքր և միջին ձեռնարկություններին ակտիվացնել իրենց գործունեությունն ինչպես Իրանի հետ, այնպես էլ այդ երկրի ներսում, դա մեզ համար առաջնահերթություն է անվտանգության ոլորտում»,- նշել է Մոգերինին՝ ընդգծելով, որ տնտեսական շփումները միջուկային գործարքի բաղկացուցիչ մասն են կազմում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:
Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու նախկին պատժամիջոցներն Իրանի նկատմամբ վերականգնելու մասին: