Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ռուսաստանից խնդրել արտահանձնել երկու մարդու, որոնք կասկածվում են Սոլսբերի քաղաքում ռուս նախկին լրտեսի վրա նյարդապարալիտիկ նյութի միջոցով հարձակման մեջ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Բրիտանական պարբերականը, վկայակոչելով իշխանության մեջ և անվտանգության համակարգում իր անանուն աղբյուրները, փոխանցում է, որ արտահանձնման դիմումը արդեն պատրաստ է:
Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ դեռ պաշտոնական գրություն չի ստացել:
Այս տարվա մարտին Սոլսբերիում թունավորվել և երկար ժամանակ հիվանդանոցում բուժվում էին ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան:
Սկրիպալների թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում: