Ռուսաստանում տղամարդը փորձել է համբուրել ԱԱ-2018-ը լուսաբանող լրագրողուհուն և «դաստիարակող» պատասխան է ստացել (տեսանյութ)
Մինչ Ռուսաստանում ընթանում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այն լուսաբանող կին լրագրողները երբեմն ոտնձգությունների են ենթարկվում տղամարդկանց կողմից:
Այս մասին գրում է The Independent-ը՝ ներկայացնելով լրագրողուհիներից մի քանիսի հետ տեղի ունեցած միջադեպերը: Անցյալ շաբաթ Սարանսկում անհայտ տղամարդը տեսախցիկի առաջ գրկել և համբուրել էր կոլումբիացի լրագրող Ջուլիեթ Գոնսալես Թերանին:
Կատարվածի տեսանյութն արագորեն տարածվել էր համացանցում և քննադատությունների ալիք բարձրացրել:
Դրանից օրեր անց նմանատիպ դեպք է պատահել բրազիլուհի լրագրող Ջուլիա Գիմարայեսի հետ, երբ նա հաղորդում էր վարում Եկատերինբուրգից: Ջուլիան պատրաստվում էր սկսել իր հաղորդումը, երբ չգիտես որտեղից մի տղամարդ է հայտնվել՝ փորձելով համբուրել նրան:
Բրազիլուհին իրեն չի կորցրել և ոչ միայն խուսափել է համբույրից, այլև բարոյախրատական ճառ կարդացել տղամարդու գլխին՝ կոչ անելով երբեք նման չանել և հարգել կանանց:
TV presenter praised for her reaction to man who tried to kiss her during World Cup broadcast pic.twitter.com/Di7bwmb3pd
— The Independent (@Independent) June 26, 2018