Հայտ չեմ ներկայացրել ԵԿՄ նախագահ լինելու համար, ինձ է կոլեկտիվ առաջարկ ներկայացվել. Արամ Սարգսյան
Ես ինքս ինձ չեմ առաջարկել, հայտ չեմ ներկայացրել ԵԿՄ նախագահ լինելու համար, կոլեկտիվ առաջարկ է ներկայացվել, որպեսզի ես լինեմ:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով իր՝ ԵԿՄ հաջորդ նախագահ լինելու վերաբերյալ խոսակցություններին:
«Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին՝ թացը չորի հետ խառնելով, համարելով, որ այդ կառույցն ի սկզբանե սխալ էր ստեղծված, և ես իմ պարտքը համարեցի տեսակետ ասել ԵԿՄ-ի անցած ուղու, ձևավորման ու այսօրվա կարևորության մասին:
Դրանից հետո, հավանաբար, շատերը համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է, և որպես երախտագիտություն՝ սկսեցին զանգահարել ինձ, ֆեյսբուքով գրել, որ լավ կլինի, որ ես գնամ ԵԿՄ ղեկավար: Նման կոլեկտիվ առաջարկ էլ է եղել: ԵԿՄ նախագահ ընտրելու հարցին պետք է պատասխանի երկրապահի համագումարը»,-ասաց նա:
Արամ Սարգսյանը կարծում է, որ ԵԿՄ-ն չպետք է թիրախավորել , այն կարևոր կառույց է, պատերազմի վտանգը լուրջ է, և այս առումով ԵԿՄ–ն կարևոր ռեսուրս ունի: