Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը կարող է քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայանալիք հանդիպումը կթոթափի երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը:
Ինչպես նշում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսի Ուոլթերսը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրաշալի կլիներ, եթե նրան հաջողվեր «լեզու գտնել» Պուտինի հետ և հավելել էր, որ անհամբերությամբ է սպասում հելսինկյան հանդիպմանը։
Ըստ Սպիտակ տան ներկայացուցչի՝ Թրամփ հույս ունի, որ գագաթնաժողովը թույլ կտա դարձնել աշխարհն ավելի լավն ու բարձրացնել անվտանգության մակարդակը։
Ուոլթերսն ընդգծել է, որ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը որևէ կերպ չի միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, իսկ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը կպահանջի Պուտինից ետ վերադարձնել Ղրիմը Ուկրիանային, Ուոլթերսը նշել է, որ չի ցանկանում «առաջ ընկնել»։
Միևնույն ժամանակ CNN-ը հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կարող է քննարկել նաև Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերումը։
Ըստ հեռուստաալիքի ունեցած տվյալների՝ Թրամփը պատրաստ է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հարավ-արևմտյան շրջաններից, եթե Ռուսաստանն արգելափակի Իրանի մուտքն այդ տարածքներ։
Նշվում է նաև, որ Թրամփի կարծիքով՝ ամերիկյան ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ լքեն Սիրիայի տարածքը և այդ իսկ պատճառով նա պատրաստ է հանձնել հարավ-արևմտյան շրջանները Սիրիայի կառավարական ուժերին։